Պատմություններ

Բեբուկ՝ շարժական թատրոն կայուն առաքելությամբ 
 

#Թատրոն
Իմացեք ավելին Artbox Incubator-ի դրամաշնորհին արժանացած նախագծերից մեկի մասին

Ծանոթացեք Բեբուկ թատրոն-ավտոբուսին՝ Անի Երեմյանի և Ռուզաննա Պետրոսյանի ստեղծարար բիզնեսին, որը մասնակցել է Artbox Incubator ծրագրին և արժանացել Artbox-ի սաղմնային դրամաշնորհին՝ ծրագիրը բարեհաջող ավարտելուց և ուշագրավ բիզնես նախագծի փաթեթ ներկայացնելուց հետո։ Բեբուկը շարժական թատրոն է, որը բեմադրում է տիկնիկային և ստվերային ինտերակտիվ ներկայացումներ Հայաստանի բոլոր անկյուններում ապրող 3-10 տարեկան երեխաների համար։ Մենք զրուցեցինք նախագծի պրոդյուսեր Անի Յերեմյանի հետ՝ քննարկելու նախագծի ակունքներն ու ապագա ծրագրերը։ 

Ինչպե՞ս ծնվեց Բեբուկի գաղափարը։ 

ԲԵԲՈՒԿ շարժական թատրոնի գաղափարը ծնվել է դեռևս 2018թ. ուսանողական նախագծերից մեկի ժամանակ. Ռուզաննա Պետրոսյանը (ԲԵԲՈՒԿ շարժական թատրոնի համահիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը) նախատեսում էր իրականացնել «Թատրոն անիվների վրա» նախագիծը, որը, սակայն, հետաձգվեց մինչև 2020թ.-ը, երբ իմ՝ Անի Երեմյանիս (ԲԵԲՈՒԿ շարժական թատրոնի համահիմնադևի և պրոդյուսերի) հետ միասին սկսեց իրականացնել մի շարք մշակութային նախագծեր Գրականության և արվեստի թանգարանում։ Արդյունքում համագործակցության շրջանակը ընդլայնվեց, և արդեն 2021թ. հունիսի 1-ին Գրականության և արվեստի թանգարանում ազդարարվեց ԲԵԲՈՒԿ շարժական թատրոնի գործունեության սկիզբը ստվերների իներակտիվ ներկայացման միջոցով, որը կազմակերպվել էր «Օրրան» բարեգործական հ/կ-ի շահառու փոքրիկների համար։

 

Որո՞նք են նախագծի հետ կապված ամենամեծ նվաճումները, որով հպարտանում եք։

Նախագծի հետ կապված ամենամեծ նվաճումը, իհարկե, միշտ եղել է և կմնա մեր հավատարիմ հանդիսատեսը՝ այն մարդիկ, որոնք անկախ տարիքից միշտ սիրով են այցելում մեր թատրոն և անհամբերությամբ սպասում են մեր նոր ներկայացումներին։ Արդեն բավականին մեծ բանակ ունենք հանդիսատեսի, մոտ 5000 մշտական հանդիսատես, որոնք մշտապես մեր կողքին են։ Կարևոր նվաճում է նաև մեր ստեղծած թիմը, քանի որ այստեղ հավաքված են ՀՀ ոլորտի լավագույն դերասանները, ինչպես նաև համագործակցում ենք այլ ոլորտների անհրաժեշտ մասնագետների հետ (գրաֆիկ դիզայներ, տեսա-լուսանկարահանում, ռեժիսորներ և այլք)։ Եվ իհարկե, նախագծի շնորհիվ տեղեկացանք Artbox ծրագրի մասին՝ մեր կարևոր նվաճումներից ևս մեկը, որտեղ արդեն ամիսների դժվարին, բայց հաճելի աշխատանքի արդյունքում մեր գաղափարը վերջնականապես ձևավորվեց և վերածվեց բիզնեսի։

 

Ձեռներեցության ճանապարհը շատ հաճախ հարթ չի ընթանում։ Ի՞նչ դժվարությունների եք բախվել Ձեր ստեղծարար բիզնեսը մեկնարկելիս ու աշխատեցնելիս։ Ինչպե՞ս եք դրանք հաղթահարել։

Բիզնեսի մեկնարկը բավականին դժվար է տրվել, քանի որ չունեինք թատրոն հիմնելու համար բավարար մարդկային և ֆինանսական ռեսուրսներ: Միայն իմ ու Ռուզաննա Պետրոսյանի կողմից ապահոված համեստ բյուջեով, բավարար գիտելիքներով և շատ մեծ ցանկությամբ ենք հիմնել թատրոնը։ Փնտրում էինք ներկայացումների համար հարմար միջավայր և տարածք, որը հեռու չէր լինի արվեստից և թույլ կտար իրագործել մեր ինտերակտիվ գաղափարները։ Արդյունքում փոխըմբռնման հուշագրեր կնքեցինք և սկսեցինք համագործակցել թանգարանների հետ (Գրականության և արվեստի թանգարան, Հովհաննես Թումանյանի թանգարան), մշակութային կենտրոնների (Արկո Բաղդասարյանի արվեստանոց) և նույնիսկ մշակութային ուղղվածության սրճարանների (Բոհեմ արվեստանոց-թեյարան)։ Նախնական շրջանում թիմը նույնպես շատ փոքր էր և ուներ լավ մասնագետների կարիք. այս բացը լրացրին թատերական ոլորտի մեր ընկերները, դերասաններ, ռեժիսորներ, որոնք սիրով միացան մեր փոքրիկ թիմին և համատեղ ուժերով թատրոնը հասցրին բավականին լավ կետի։ Հրաշալի խթան էր նաև Artbox ծրագիրը իր գիտակ մասնագետներով հանդերձ, որոնց շնորհիվ հիմնարար գիտելիքներ ձեռք բերեցինք ձեռներեցության, բիզնես ղեկավարելու, հաջող կերպով աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ։

Ձեր բիզնեսի թիրախային խումբը երեխաներն ու ընտանիքներն են։ Ի՞նչ հնարավորություններ և խոչընդոտներ եք հասցրել տեսնել հայկական համատեքստում նման թիրախավորում ունեցող բիզնեսի համար։ 

Մեր թիրախավորումն ունեցող բիզնեսի համար հայկական իրականությունը առաջարկում է և՛ խոչընդոտներ, և՛ բազում հնարավորություններ։ Ինտերակտիվ ձևաչափերով ներկայացումները համեմատաբար նոր են Հայաստանում, հանդիսատեսին երբեմն դժվար է լինում կառավարել նման ազատություն տալուց հետո, քանի որ այս ձևաչափը խորթ է, և շատերը չեն տիրապետում պարզ վարվելակերպի կանոններին։ Սակայն սա հրաշալի հնարավորություն է հայկական իրականության մեջ թատրոնի մասին պատկերացումները փոխելու և այդ փոփոխությունների հիմքը դառնալու համար։

 

Գիտենք, որ Բեբուկի համար մեծ ծրագրեր ունեք։ Կկիսվե՞ք դրանցով մեզ հետ։ Ի՞նչ տեսլական ունեք բիզնեսի աճի համար գալիք տարիների ընթացքում։

ԲԵԲՈՒԿ շարժական թատրոնը ներկայումս աշխատանքներ է տանում երկու ուղղություններով՝ թատրոն-ավտոբուս ունենալու և առցանց հարթակ տեղափոխվելու։ Ընթանում են աշխատանքներ ավտոբուսի շուրջ բեմադրություններ անելու, տարբեր ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերում հյուրախաղեր կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ։ Առցանց հարթակում ունենալու ենք մանկական ինտերակտիվ հաղորդաշար, որին մասնակցելու են նաև մեր հանդիսատես փոքրիկները: Արդեն ունենք պատրաստի սցենարը, շուտով պատրաստ կլինի նաև պրոֆեսիոնալ տաղավարը։

 

Որպես Artbox ինկուբատոր ծրագրի մասնակից, բիզնեսի հետ կապված ի՞նչ խորհուրդ է Ձեզ ամենաշատը հիշվել ծրագրի ընթացքում, որով Դուք կուզեիք կիսվել ապագա ստեղծարար ձեռներեցների հետ։ 

Խորհուրդները շատ են եղել, և բոլորն էլ՝ արդյունավետ։ Կարևորներից մեկը, թերևս, եղել է այն միտքը, որ պետք է հնարավորինս լավ հասկանալ մեր թիրախային խումբը: Մեկ այլ բիզնեսի փորձը ներդնելուց առաջ պետք է ուսումնասիրել սեփական բիզնեսը, շահառուներին, և թե ինչքանով է տվյալ փորձը մեզ հարիր և արդյունավետ։

Այլ պամություններ ու հոդվածներ

article Նորություններ

Artbox-ը ողջունում է 24 ստեղծարար ձեռներեցների
 

#Artbox Updates

ԵՒ հայտարարում ստեծարար ինկուբատորի դրամաշնորհի 10 հաղթողներին

Կարդալ ավելին
article Կրթական

Արդյո՞ք Ձեր ստեղծարար գաղափարը ունի շուկայական ներուժ։ Հարցրե՛ք ձեր հաճախորդներին։ 
 

#Artbox Toolkit

3 կարևոր հարց որ կարող եք տալ ձեր գնորդներին նախքան ստեղծարար արտադրանք, ծառայություն կամ բիզնես մեկնարկելը

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը